BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Տարօրինակ հունվարի բումերանգը

Տարօրինակ հունվարի բումերանգը
27.01.2017 | 01:06

Հունվարի 24-ին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիմնավորապես «փչացրեց» վարչապետ Կարեն Կարապետյանի ՌԴ առաջին պաշտոնական այցը և ինքն իրեն նվեր մատուցեց՝ ծննդյան օրը դառնալով թիվ մեկ նորության տերը: Բանավոր նորության, որ փաստ դառնալու համար գրավոր դիմումի տեսք էր ուզում: ՈՒ մինչ նախորդ օրվա հայտարարության հաստատումը հունվարի 25-ին նրանից սպասում էին բոլորը, Հովիկ Աբրահամյանը օրվա առաջին կեսին պարտիզանի պես լռեց: Մամուլում տասնյակ լուրեր ու եզակի վերլուծություններ հայտնվեցին նրա անձի, գործի, հեռանկարի ու կերպարի մասին: Նրա ու նրա շրջապատի՝ նախկին, ներկա, ապագա գործընկերների, մերձավոր ու ձեռքբերովի բարեկամների: Գուցե կյանքում առաջին անգամ Հովիկ Աբրահամյանն անձամբ կարդաց՝ ինչ են գրում իր մասին, շատերին հայհոյեց, ոմանց շնորհակալ եղավ ու Ֆեյսբուքում հայտարարեց, որ հեռանում է ՀՀԿ-ից. «Ես կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը և հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը ՀՀԿ-ին: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ: Շնորհակալ եմ իմ բոլոր կուսակցական ընկերներին՝ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, մեր հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին ենք հասել: Թիմային աշխատանքը, թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը եղել և մնում են ինձ համար առաջնային: Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, գուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ: Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին: Շարունակելու եմ ապրել և աշխատել հանուն Հայաստանի: Աստված պահապան մեր երկրին ու հայ ժողովրդին»: Ֆեյսբուքյան հրապարակումից հետո ՀՀԿ կազմակերպական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ Հովիկ Աբրահամյանից դիմում չի ստացել: Դա էլ է վերաբերմունք:


Բայց Հովիկ Աբրահամյանի համար դա արդեն անկարևոր հարց է, կարևորը հարաբերություններն են այլ կուսակցությունների հետ: ՈՒ՝ ընտրողների: Այդ կետում նրան մեծ հիասթափություն է սպասում՝ փաստորեն այդքան փող ջուրն էր գցել: Բայց փողը՝ փող՝ ինչպես գալիս, այնպես գնում է, վիրավորականը դավաճանությունն է: Հովիկ Աբրահամյանի հետ կուսակցությունից դուրս եկողներ չեղան՝ «թիմի արժանապատվության» զգացումը նրա անմիջական հովանավորյալների մեջ դեռ լուռ է: Բումերանգի ցավոտ օրենքը առաջին անգամ նա զգաց մաշկով: Բարի ապաքինում: Համենայն դեպս՝ հայտարարության մեջ ճշմարտության մի տող կար՝ Հովիկ Աբրահամյանը իսկապես միշտ և բոլոր պաշտոններում սեփական թիմի համար արել է հնարավորն ու անհնարը, օրինականն ու անօրինականը, ու դա նրան առանձնացնում է բոլորից: Մնացածը կարող եք համարել խոցված ինքնասիրությունը շոյող մեծ հաճոյախոսություն սեփական հասցեով՝ սկսած մաղթանքից, որ ՀՀԿ-ում իրեն փոխարինողները լինեն «առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ», մինչև համոզվածություն, որ ունի «բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին»:

Քսան տարուց ավելի ծառայել է. արդյունքը ստացել է ինքը, հետևանքը՝ պետությունն ու ժողովուրդը, ու սարկազմ է հավաստիացիումը՝ «Շարունակելու եմ ապրել և աշխատել հանուն Հայաստանի»: Սարկազմից բացի՝ սպառնալիք, եթե իրականացնի ու զբաղվի ակտիվ քաղաքականությամբ: Այդ պարագայում երկրորդ ճիշտ տողն էլ կա նրա հայտարարության մեջ՝ «Աստված պահապան մեր երկրին ու հայ ժողովրդին», բայց դա արդեն ինքը չպիտի ասի:

Ինչո՞ւ էր Հովիկ Աբրահամյանն այդքան ձգում հաստատելու ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարությունը: ՈՒզում էր՝ հայտարարության մեջ կոնկրետություն լինի՞՝ ՀՀԿ-ից դուրս եմ գալիս, որ այս կուսակցության հետ, այս դաշինքում, այս մարդկանց հետ, այս ընտրատեղամասում ինձ նորից տեսնելու երջանկությունն ունենաք: Վերացական «ակտիվ զբաղվել քաղաքականությամբ»-ը նրա գործնական կերպարի հակառակն է, ավելի շատ անելքության խոստովանություն է, քան ելքը գտածի խոստում: Տասնամյակներ առաջ կանցնե՞ր Արտաշատի քաղաքապետ ու Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանի մտքով, որ Մխչյան-Երևան քաղաքական ճանապարհը վազքով հասնելուց հետո քայլ-քայլ կվերադառնա: ՈՒ ինքն էլ բումերանգի վերադարձի կետ է: Վստահ եղեք, որ նա որոնելու է մուտքի նոր դռներ դեպի իշխանություն ու չի հեռանալու անգլիական՝ Անգլիան ո՜ւր, ինքն ո՜ւր: Անգամ ռուսական չի հեռանալու՝ սկանդալով ու դուռը շրխկացնելով, հետո ինչ, որ Մոսկվայից վերադառնալով՝ ՀՀԿ-ից որոշեց հեռանալ: Հովիկ Աբրահամյանը հեռանալու է ինքն իր նման՝ ինտրիգոտ, հեղհեղուկ, արագ, անորոշ, կցկտուր, կամային, կիսատ:


Հովիկ Աբրահամյանը տարօրինակ հունվարի միակ այցեքարտը չէ, եղան ու կլինեն գործիչներ, որ դասականներին չեն կարդացել, բայց մարմնավորում են նրանց անմահ հերոսներին: Հատկապես՝ հանրահայտ Փանջունուն: Մասնավորապես՝ Պարույր Հայրիկյանի կերպարով: Տարօրինակ է, որ առայսօր ՀՀ որևէ Ընտրական օրենսգրքում առանձին հոդված չկա, որով «Աստծո թիվ մեկ ընտրյալը» հավերժորեն ճանաչվում է ԱԺ պատվավոր պատգամավոր, ՀՀ պատվավոր նախագահ, հիմա նաև՝ ՀՀ պատվավոր վարչապետ ու այլևս վեր է ընտրություններից, որ սոսկ հասարակ մահկանացուների համար են: Այլապես Պարույր Հայրիկյանն իրեն պարտադրելու է ոչ միայն «Համախմբումին», «Երրորդ հանրապետությանը» ու ՀԴԿ-ին այս ընտրություններում, այլև առաջիկա բոլոր ընտրություններում նույնիսկ մարսեցիներին, եթե դաշինք կազմեն ու որոշեն մասնակցել ՀՀ որևէ ընտրության: Գուցե մարսեցիները քաղաքական կոփվածություն չունենան՝ հասկացնելու, որ դաշինքի դռները բաց են, բայց քաղաքականության մեջ ընդունված է նախապես զանգահարել՝ զգուշացնել, որ գալու ես, հետո գալուստդ տարփողել: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ պայթուցիկ կստացվի՝ մարսեցիները հայոց խորհրդարանում՝ «Աստծո կողմից առաջինի» առաջնորդությամբ:
Թեկուզ նա «առաջինն է», բայց միակը չէ: ՀՀԿ-ն էլ նվեր ստացավ՝ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանին, ՎՊ նախագահ ու ԲՀԿ շտաբի պետ Իշխան Զաքարյանի ընտանիքին (փաստորեն պահպանողական ՀՀԿ-ն նաև ընտանեկան կուսակցություն է) կորցնելուց հետո Անի Զախարյան ունեցավ: Ցնցող հայտարարությամբ՝ դիմել է ընդդիմադիր կուսակցություններին, չեն ընդունել, որոշել է, որ իր տեղը ՀՀԿ-ում է: Ինչո՞ւ ոչ, եթե ով հեռանում է ՀՀԿ-ից ու իշխանությունից, դառնում է ընդդիմություն, ոչ մի տեղից էլ կարելի է գնալ դեպի ՀՀԿ ու դառնալ իշխանություն: Ոնց է բերում իշխող կուսակցության բախտը Աքաղաղի չսկսված տարում: Պատահական չի ռուսական առածն ասում՝ թե բախտդ բերում է, աքաղաղդ էլ է ձու ածում:


Հաստատ նման «ձվեր» մյուս կուսակցություններն էլ են ստանալու՝ երբ հայտնի ու անհայտ թեկնածուները որոշեն, որ իրենց արժանի են իշխանական ու իշխանահետ, ընդդիմադիր ու ընդդիմամետ կուսակցությունները: Սա Ընտրական օրենսգրքի ևս մեկ բացթողումն է, որ օրենքով չի արգելվում ինքնաառաջադրումները նախքան կուսակցությունների համաձայնությունը: Իհարկե, Դավիթ Հարությունյանը կարող է առարկել, որ օրենքն առաջնորդվում է դրական պրեզումպցիայով ու առողջ բանականությամբ: Օրենքը՝ այո, թեկնածուները՝ ոչ, ու ի՞նչ անել:


Տարօրինակ հունվարի բումերանգը հետ է գալիս և դեպի «Ժառանգություն»՝ նախորդ ընտրություններին բացե՞ց Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության ու իր վստահության դռները այլ կուսակցությունների ու անձանց առաջ, բացեց, իսկ նրանք կուսակցության փոխնախագահի տեսքով հեռացան (միակը չէ Հովիկ Աբրահամյանը), դաշինքի տեսքով դավաճանեցին, ու հիմա իրավատերը չի կարողանում բարևել իր բումերանգին ու նորից նետել՝ կուսակիցները կուսակցապետի հետ չեն համաձայնում՝ հեռացան ու հեռանում են: «Ժառանգության» թափուր բրենդն է մնում: «Ժառանգությունն» էլ միակը չէ. նախորդ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը «Համախմբումի» հետ համաձայն չէ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ-ից ԲՀԿ է գնում, ու այդպես շարունակվելու է:


Տարօրինակ չէ՞, որ ընտրությունները գաղափարների ու ծրագրերի մրցակցության փոխարեն վերածվել են միջանձնային տարաձայնությունների մրցավազքի: Դա չի՞ վկայում, որ կուսակցությունները քաղաքականության մեջ լինելու միջոց են դարձել՝ միջոց, բայց ոչ նպատակ դարձնելով քաղաքականությունը: Սա է տարբերությունը, որով պիտի բաժանվեն ԱԺ ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը: Կուսակցություններ, որ նպատակ ունեն փոփոխությունների, և կուսակցություններ, որ ընտրությունները դարձնում են իրենց անդամների հանրային կյանքում ներկայությունը պահպանելու միջոց: Հենց այնպես՝ հանուն ձևը պահելու, բովանդակության հերն անիծած: Դա է իրական բումերանգը, որ հարվածում է բոլորիս, որովհետև քաղաքականության մեջ ենք բոլորս, նաև նրանք, որ կիլոմետրերով հեռու են քաղաքական կյանքից ու իրենց թվում է, որ իրենցից ոչինչ կախված չէ ու իրենք անելիք չունեն: Այսպես են ասպարեզում մնում հավերժական Փանջունիները, այսպես է բումերանգը հարվածում նրանց, որ անձամբ չեն նետել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. ՈՒ՝ ի՞նչ: Ի՞նչ են անելու Հովիկ Աբրահամյանը, Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և այլք արգո պարոնայք: Իրենց որոշելիքն է, բայց մեր որոշելիքն է՝ ընդունո՞ւմ ենք նրանց «ծառայությունը», թե՞ ժամանակն է անանուն ու տարանուն դաշինքների ու գործիչների մեջ որոնել սկզբունք, նպատակ ու բովանդակություն: Ով կմնա, մերն է, ով չի մնա, պիտի հեռանա, ոչ թե զբաղվի քաղաքականությամբ ու վերածի խեղկատակության:
Իսկ Կարեն Կարապետյա՞նը: ՌԴ պաշտոնական ա՞յցը՝ ՀՀ վարչապետի միակ պաշտոնական այցը տասնամյա կտրվածքով: Թեպետ այցի անունն էր պաշտոնական (պաշտոնականի արարողակարգով նրան պիտի ընդունեին հոգևոր ու աշխարհիկ իշխանության ղեկավարները, ԱԳ նախարարը), ստացվեց, որ Մոսկվայից վերադարձած նախկին վարչապետը ՀՀԿ-ից հեռացավ դեպի անորոշություն, իսկ գործող վարչապետը Մոսկվայից վերադառնում է համաձայնագրերով ու, ամենայն հավանականությամբ, հետագա տևական պաշտոնավարման երաշխիքներով: Եթե ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներդրումներ չխոստացավ (օբյեկտի՞վ՝ փող չկա, թե՞ սուբյեկտիվ՝ ո՞ւմ են տալու, պատճառներով), համաձայնեց համատեղ ներդրումների հիմնադրամի ստեղծմանը: Կարեն Կարապետյանի կառավարությունը փող կունենա՝ «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը պատրաստ է մեծացնել Հայաստանում ներդրումների ծավալը՝ Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում լինելով ու Հայաստանի ներդրումային միջավայրում դրական փոփոխություններով պայմանավորված: Ռուսաստանաբնակ հայ գործարարներն էլ հայրենասիրության պոռթկում ապրեցին: ՈՒ չասեք՝ Պուտինը կապ չունի: Իսկ դա նշանակում է, որ դեյուրեից Կարեն Կարապետյանը դեֆակտո վարչապետ է դառնում ու այլևս նրա գործոնը համատիրության տեղեկանքի առկայությամբ կամ բացակայությամբ չի որոշվում: ՀՀԿ-ի «նոր ոգին» էլ միայն 7000 հայգազարդցիները չեն: Հովիկ Աբրահամյանը պարտվեց՝ երկրորդը այլևս ինքը չէ, բայց մեծ հարց է՝ ո՞վ կդառնա: Հեղհեղուկ, անսկզբունքային պայքարում, որտեղ կանոններ չկան, գործում են հրամաններ, ոչ ոք չգիտի՝ ինչ կանի ինքը վաղը: Այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, ում բոլորը համարում են միակ խաղավարը՝ ժամանակին նա էլ է նետել բումերանգը, որ ուզում է վերադառնալ Ռոբերտ Քոչարյանի տեսքով: Եթե ոչ տարօրինակ հունվարին, արդեն ապրիլի 2-ին: Մնաց ապրել մինչև ապրիլ:

Դիտվել է՝ 1283

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ